Ի՞նչ մթերքներ է անցանկալի օգտագործել փսորիազի դեպքում

Կարծիք կա, որ սնվելը կարող է ինչպես խորացնել փսորիազի ընթացքը, այնպես էլ թեթևացնել այն։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք, որոշ մասնագետների կարծիքով, անցանկալի է օգտագոծել փսորիազի ժամանակ։

Վերամշակված մթերքներ

Վերամշակված մթերքները պարունակում են շատ կալորիաներ և քիչ սննդարար նյութեր։ Դրանք բացասաբար են անդրադառնում նյութափոխանակության վրա և բարձրացնում են ճարպակալման առաջացման վտանգը։ Այս ամենն առաջ է բերում բորբոքային պրոցեսներ օրգանիզմում՝ կապված փսորիազի սրացման հետ։ Սննդաբաժնից հանեք փաթեթավորված պատրաստի մթերքները, պահածոյացված մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև վերամշակված մսից պատրաստված մթերքները, ինչպիսին են երշիկը, նրբերշիկը, բեկոնը և այլն։

Ալկոհոլ

Կարծիք կա, որ ալկոհոլը նույնպես կարող է առաջ բերել բորբոքային պրոցեսներ օրգանիզմում, ինչպես նաև փսորիազի սրացում, ուստի այդ հիվանդությունն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ոգելից խմիչք օգտագործելուց։

Կաթնամթերքներ

Կաթը և կաթնամթերքները սպիտակուցի, կալցիումի և վիտամին D-ի լավ աղբյուր են, բայց ոմանց մոտ դրանք կարող են բորբոքային պրոցեսներ առաջացնել։ Որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել փսորիազի սրացման։

Կարմիր միս

Կարմիր միսը նույնպես կարող է բարձրացնել օրգանիզմում բորբոքման մակարդակը, ինչն իր հերթին կարող է առաջ բերել փսորիազի սրացում։ Կարծիք կա նաև, որ կարմիր մսից հրաժարումը ամրապնդում է սրտի առողջությունը, և դա նույնպես սննդաբաժնից այն հանելու պատճառ է։